Իրանը պատրաստ է աջակցել եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիների) և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել բարի ծառայություններ մատուցել՝ ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու համար, և շարունակում է պատրաստ լինել երկու կողմերի խնդրանքով այդ նպատակով օգտագործել իր բոլոր հնարավորությունները»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ-ն Telegram-ի իր ալիքում։
Բաղային ընդգծել է Սաուդյան Արաբիայի և հութիների միջև տարաձայնությունները երկխոսության ու դիվանագիտության միջոցով վերացնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ վերջին 12 տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ արտաքին միջամտությունը, ռազմական մեթոդներն ու շրջափակումը չեն օգնում լուծել եմենյան խնդիրը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հերքել է Թեհրանի առնչությունը Սաուդյան Արաբիայի դեմ «Անսար Ալլահ» շարժման հարձակումներին։
«Եմենի զինված ուժերը», նկատի ունենալով հութիներին, «գործում են՝ ելնելով սեփական շահերից և գնահատականներից»,- հայտարարել է դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը որևէ կողմի համար ձեռնտու չի համարում հետագա էսկալացիան։
Բաղայիի խոսքով՝ հակամարտության կարգավորումը պահանջում է հարգել Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին և վերացնել օդային ու ծովային շրջափակումը։








