Եվրոպական ընկերությունները միավորում են ջանքերը, որպեսզի զսպեն ամերիկյան Starlink հսկայի գերիշխանությունը արբանյակային կապի ոլորտում՝ հաղորդում Է Politico-ն:
«Փարիզում կայացած միջազգային տիեզերական գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել եվրոպական առաջատար խաղացողներին ստեղծել նոր դաշինք, արբանյակային կապի իրենց համատեղ ներուժն ամրապնդելու համար»,- նշում է թերթը։
Կոչի նպատակը, ըստ պարբերականի, Եվրոպայի ռազմավարական և տեխնոլոգիական պատասխանն է Իլոն Մասկի Starlink ընկերության գերիշխանությանը։
Թերթի տեղեկությամբ՝ Մակրոնի ելույթը, որը տեղի է ունեցել անցյալ ամիս, դարձել է «հրապարակային աջակցություն կուլիսային նախաձեռնություններին»:
Նպատակն է խրախուսել ԵՄ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններին՝ ակտիվորեն յուրացնելու արբանյակի հետ ուղիղ կապի (direct-to-device) տեխնոլոգիան՝ բջջային ազդանշանի փոխանցումն արբանյակներից անմիջապես հեռախոսներին:
ԵՄ երկրների կապի նախարարները երեքշաբթի Իռլանդիայում քննարկել են օրենսդրական նախաձեռնություն, որը կարող է հեշտացնել եվրոպական առաջատար օպերատորների մուտքն արբանյակային հաճախականություններ:
«Այս ծրագիրը ենթադրում է միավորել Deutsche Telekom-ի, Orange-ի, Vodafone-ի և Telefónica-ի ջանքերը՝ կարևոր և պահանջված հաճախականություններ ստանալու համար, որոնք հասանելի կլինեն հաջորդ տարի»,- գրում է Politico-ն՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:








