Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև, բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել դադարեցնել այս սովորույթը:
Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է սահմանափակվեն: Մեղադրանքներ հնչել են նաև Ադրբեջանի հասցեին՝ Իսրայելի հետ հարաբերությունների համար։ Նմանատիպ միջոցառում նախկինում անցկացվել էր Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։ Վերջին օրերին Թուրքիայում քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ թե՛ ներքին որոշումների, թե՛ արտաքին քաղաքականության համար:
Կառավարությանը մոտ կանգնած Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակները քննադատել են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ համեմատելով դրանք խիստ աշխարհիկ միջոցառումների պատմական ժամանակաշրջանի հետ։ Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում նույնպես մտահոգություններ են առաջացնում։
Մինչդեռ Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, աշխարհիկ պետություն է, և, հետևաբար, «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելը անընդունելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։








