Ռուսական զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ կսահմանեն՝ Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը կիրականացնեն ինժեներական հետախուզություն և կապահովեն մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը՝ Ալյոշկի սոցիալական նշանակության բեռներ հասցնելու համար։Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հրադադարի՝ Ալյոշկի մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչների տարհանումը կազմակերպելու նպատակով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հետագայում հաստատել էր հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական գործողության իրականացման համար առնվազն մի քանի օր կպահանջվի։
Պեսկովը նաև նշել է, որ Ալյոշկիում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու գործում համակարգողի դեր է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։








