Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ և Վաշինգտոնի՝ Թեհրանին դատապարտելու կոչերն անվանել կեղծավոր։ Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունն ամերիկյան ռազմական ագրեսիայի համար վճարում է տարածաշրջանային անկայունությամբ և տնտեսական ցնցումներով։
«Նրանք [ԱՄՆ-ն ու Իսրայելը] ինը ամսից էլ պակաս ժամանակում երկու անգամ հարձակվել են Իրանի վրա՝ այն պահին, երբ ընթանում էին բանակցությունները։ Նրանք կոտորած կազմակերպեցին մեր երեխաների շրջանում Մինաբում, սպանեցին մեր դուստրերին Լամերդում, վերացրին մեր առաջնորդներին և խստացրին պատժամիջոցները մեր ժողովրդի դեմ»,- գրել է Բաղաին X սոցիալական ցանցում։
Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը խախտել է փոխըմբռնման հուշագիրը, որը հենց ինքն էր ստորագրել հունիսի 17-ին, իսկ այժմ մյուս երկրներից պահանջում է դատապարտել Իրանին։ Բաղաին Վաշինգտոնին մեղադրել է ագրեսորին զոհ ներկայացնելու, իսկ տուժած կողմին՝ մեղավորի տեղ դնելու փորձի մեջ։
«Չի կարելի սեփական ընտրությամբ պատերազմ սանձազերծել, տարածաշրջանը կրակի մեջ գցել, ամբողջ աշխարհում քաոս առաջացնել, իսկ հետո զոհ ձևանալ», — ընդգծել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Բաղաին կրկին հիշեցրել է պաշտոնական բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների հարձակումների, Մինաբում և Լամերդում կատարված ռազմական հանցագործությունների, իրանցի ղեկավարների սպանությունների և պատժամիջոցային ճնշման ուժեղացման մասին։








