Ամերիկյան արտադրության 28 միավոր M1A2T «Abrams» տանկերի խմբաքանակը կարող է Թայվան առաքվել առաջիկա շաբաթների ընթացքում։ Ինչպես հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով աղբյուրին, մատակարարումը կարող է իրականացվել մինչև մարտ ամիսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կղզու ռազմական գերատեսչությունը «ակտիվորեն զբաղվում է տանկերի հնարավորինս արագ տեղափոխման կազմակերպմամբ դեպի Թայվան՝ բեռնատար նավերի միջոցով»։ Սպասվող ժամանման ժամանակահատվածը նշվում է փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը։ M1A2T-ը ամերիկյան M1 «Abrams» տանկի նոր տարբերակն է։ Վաշինգտոնը 2019 թվականին հաստատել է Թայբեյին այդպիսի 108 տանկի վաճառքը։
Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 40,5 միլիարդ թայվանական դոլար (համաձայնագրի կնքման պահին՝ մոտ 1,45 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Կղզին արդեն ստացել է 80 տանկ․ 38-ը՝ 2024 թվականի դեկտեմբերին, ևս 42-ը՝ 2025 թվականի հուլիսին։








