Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ռուս սահմանապահների դուրսբերումից և Մոսկվայի հետ հարաբերությունների թուլացումից հետո Հայաստանին կարող են ծանր ժամանակներ սպասվել։ Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հեռանում է Ռուսաստանից՝ միաժամանակ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առավելությունները։
Զատուլինը ենթադրել է, որ ռուս սահմանապահների հեռանալուն ապագայում կարող է հաջորդել նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից հրաժարումը։ Նա կասկածի տակ է դրել Հայաստանի՝ սեփական սահմաններն ինքնուրույն պաշտպանելու հնարավորությունը՝ հիշատակելով 2022 թվականի ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի տարածք։
Ռուս պատգամավորի խոսքով՝ Հայաստանը աշխարհագրորեն շարունակելու է գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է մեծացնել անվտանգության մարտահրավերները։ Նա քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ այն համարելով Հայաստանի ազգային շահերին հակասող։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր առաջիկա տարիներին Հայաստանի պետական սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական ուժերին փոխանցելու մտադրության մասին։ Կոնկրետ ժամկետ դեռ չի հայտարարվել։








