ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում նոյեմբերի 27-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «American Airlines» ավիաընկերության երկու ուղևորատար ինքնաթիռների մասնակցությամբ։ Թռիչքի պատրաստվող «Boeing 737» օդանավերը գետնի վրա տեղաշարժվելիս թևերով դիպել են միմյանց։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17։10-ի սահմաններում։ Դալաս ուղևորվող 638 չվերթի ինքնաթիռը դիպել է Չիկագո մեկնող 2152 չվերթի օդանավի թևին։ Օդաչուներից մեկը դիսպետչերին հայտնել է բախման մասին, իսկ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռներից մեկի թևի ծայրամասային հատվածը վնասվել է։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Երկու ինքնաթիռներն էլ վերադարձվել են կայանատեղիներ և ժամանակավորապես հանվել շահագործումից՝ տեխնիկական զննության համար։ Ուղևորների համար նախատեսվել են այլ օդանավեր։ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։
Օդանավակայանի ղեկավարության հաղորդմամբ՝ արտակարգ ծառայությունները ստուգել են երկու ինքնաթիռները, իսկ մյուս չվերթների աշխատանքում էական խափանումներ չեն արձանագրվել։








