ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի «Promise Me, America» հուշագրությունից վաճառքի առաջին շաբաթում գնվել է մոտ 21 հազար տպագիր օրինակ։ Գիրքը լույս է տեսել նոյեմբերի 17-ին։ Թիվը հրապարակել է Circana-ն, որը հետևում է ԱՄՆ-ում տպագիր գրքերի վաճառքի շուրջ 85 տոկոսին։ Էլեկտրոնային և աուդիոգրքերի վաճառքն այդ հաշվարկից դուրս է։
Բարաք Օբամայի «A Promised Land» հուշագրության առաջին շաբաթվա վաճառքը զգալիորեն ավելի բարձր էր․ 2020-ին ԱՄՆ-ում BookScan-ի հաշվառած վաճառքի կետերում գնվել էր շուրջ 816 հազար տպագիր օրինակ։ Իսկ ԱՄՆ-ում ու Կանադայում միասին, բոլոր ձևաչափերը հաշված, Օբամայի գիրքն առաջին շաբաթում վաճառվել էր ավելի քան 1,7 միլիոն օրինակով։
New York Post-ի հաղորդմամբ՝ Բայդենը հուշագրության համար ստացել է 10 միլիոն դոլար կանխավճար։ Նրա նախկին օգնականներից մեկը թերթի հետ զրույցում կասկած է հայտնել, թե ընթերցողներին որքանով է դեռ հետաքրքրում նախկին նախագահի պատմությունը։ «Little, Brown and Company» հրատարակչությունն իր հերթին ընդգծել է, որ գիրքն առաջին շաբաթում գլխավորել է The New York Times-ի ոչ գեղարվեստական բեսթսելերների ցանկը։








