Բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը հունվարի 29-ին հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Չինաստանում 15 միլիարդ դոլար կներդնի դեղերի արտադրությունը, հետազոտություններն ու մշակումները ընդլայնելու նպատակով, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նկատելով, որ հայտարարությունն արվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։
«AstraZeneca-ի ընդլայնումը և առաջատար դիրքը Չինաստանում կօգնեն բրիտանական արտադրողին շարունակել աճել՝ աջակցելով Մեծ Բրիտանիայում հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը», - ասել է Սթարմերը գործարքի վերաբերյալ։
Սթարմերը վերջին ութ տարվա ընթացքում դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, ով այցելել է Չինաստան։ Պեկինում հունվարի 29-ին նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։








