ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու հնարավոր վտանգների մասին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, գերատեսչությունը կոչ է արել օտարերկրացիներին չայցելել Ուկրաինա, իսկ Կիևում գտնվողներին՝ լքել քաղաքը։
«ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից: Հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են նրանք, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը»,– ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ռուսական կողմը նախկինում ևս կոչ է արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, ինչպես նաև հրաժարվել Ուկրաինա այցելելուց։ Միաժամանակ Ուկրաինայի բնակիչներին կոչ է արվել չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին։
Գերատեսչության փոխանցմամբ՝ համապատասխան նախազգուշացումը ներառվել է ՌԴ ԱԳՆ-ի՝ 2026 թվականի մայիսի 25-ի հայտարարության մեջ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներին ուղղված վերբալ նոտաներում։ Այն հնչել է նաև մայիսի 27-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում։
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ուկրաինա չմեկնելու վերաբերյալ իրենց քաղաքացիներին նախազգուշացումներ են տվել մի շարք երկրների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամ երկրները, Նորվեգիան և Շվեյցարիան։
«Վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին»,– նշվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ չնայած այդ նախազգուշացումներին՝ Կիևում շարունակում են աշխատել բազմաթիվ դեսպանություններ, իսկ Ուկրաինա են այցելում նաև օտարերկրյա պաշտոնատար անձինք։
Հայտարարության եզրափակիչ հատվածում ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակելու են «զանգվածային պատժիչ հարվածներ» հասցնել։








