ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում լարվածություն է առաջացել ներգաղթի և մաքսային վերահսկողության դաշնային ծառայության՝ ICE-ի գործողությունների մասին տեղեկությունների ֆոնին։ Քաղաքային իշխանություններն արդեն պաշտոնապես արձագանքել են դաշնային գործակալների ակտիվության վերաբերյալ հաղորդումներին, մինչդեռ Լոս Անջելեսի շրջանում ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը։
Ավելի վաղ Գլենդելի կենտրոնում, արձանագրվել է ICE-ի ենթադրյալ գործողության մասին ահազանգ։ Ըստ հրապարակված հաղորդման՝ տարածքում նկատվել են առնվազն չորս ամենագնաց և մեկ բեռնատար, ինչպես նաև ICE-ի տարբերանշաններով ժիլետներ կրող, դեմքերը ծածկած առնվազն հինգ աշխատակից։ Նշվում է, որ նրանք շփվել են երկու տղամարդու հետ, որոնցից մեկը գտնվել է սպիտակ Porsche ամենագնացի մեջ։ Սակայն այս տեղեկությունը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։
Իրավիճակին արձագանքել է նաև Գլենդելի քաղաքապետարանը՝ հայտարարելով, որ տեղյակ է համայնքում դաշնային ներգաղթի ծառայությունների գործողությունների մասին հաղորդումներից։
Գլենդելի քաղաքային իշխանությունները հատուկ ընդգծել են, որ տեղի ոստիկանությունը չի մասնակցում դաշնային մարմինների՝ ներգաղթի օրենսդրության խախտումների դեմ իրականացվող գործողություններին։ Նշվել է նաև, որ դաշնային մարմիններն իրենց գործողություններն իրականացնում են ինքնուրույն՝ առանց քաղաքային իշխանությունների մասնակցության։
Միաժամանակ քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ շարունակում են ապահովել բոլոր բնակիչների անվտանգությունը՝ անկախ նրանց ներգաղթային կարգավիճակից։
Ներգաղթյալների շրջանում անհանգստությունն աճում է ոչ միայն Գլենդելում, այլև ամբողջ Հարավային Կալիֆոռնիայում։ LA Public Press-ի հրապարակման համաձայն՝ վերջին շաբաթներին տարածաշրջանում ձերբակալվել են տասնյակ ներգաղթյալներ։
Իրավիճակն այնքան լարված է, որ ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ձերբակալման վտանգի տակ գտնվող անձանց խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում մնալ տանը։
Այս զարգացումները հատկապես զգայուն են Գլենդելի հայ համայնքի համար։ Երեկ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը ստիպված է եղել հերքել սոցիալական ցանցերում տարածված լուրերը, թե իբր հյուպատոսությունը քաղաքացիներին առանց նախնական գրանցման հրավիրում է իր տարածք՝ նրանց ICE-ին հանձնելու նպատակով։
Հյուպատոսությունը հայտարարել է, որ այդ պնդումները բացարձակապես կեղծ են և որևէ փաստական հիմք չունեն՝ կոչ անելով չտարածել ապատեղեկատվություն։
Այս պահին Գլենդելում վերջին գործողությունների ընթացքում ձերբակալված անձանց հստակ թիվը և նրանց ազգությունը պաշտոնապես հաստատված չեն։ Չկա նաև անկախ հաստատում, որ հենց Գլենդելի հայ բնակիչները զանգվածաբար հրաժարվում են տնից դուրս գալ։ Այնուամենայնիվ, ներգաղթային գործողությունների մասին հաղորդումները, բնակիչներին տանը մնալու կոչերն ու հայ համայնքին առնչվող տեղեկությունները վկայում են տարածաշրջանում առկա լարվածության մասին։








