Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսի տարածման դեմ դեռևս գործող սահմանափակումները։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով քաղաքի կառավարությանը։
Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր պետական սանիտարական բժշկի կարգադրության հիման վրա։
Հոկտեմբերի 1-ից ուժը կկորցնի 2020 թվականի մարտի 13-ին ընդունված որոշումը, որով սահմանվել էին կորոնավիրուսի տարածման դեմ մի շարք սահմանափակումներ։
Մասնավորապես, առանց քաղաքային իշխանությունների համաձայնության արգելվում էր ավելի քան 300 մասնակցով հանրային միջոցառումների անցկացումը։ Կազմակերպիչները պարտավոր էին ապահովել անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և պահպանել հակահամաճարակային անվտանգության պահանջները։
Գործում էր նաև հասարակական վայրերում նարգիլե օգտագործելու արգելք, իսկ 60 տարեկանից բարձր քաղաքացիներին խորհուրդ էր տրվում անհատական պաշտպանության միջոցներ կրել։
Հոկտեմբերի 1-ից այս սահմանափակումներն ու կարգավորումները ևս կչեղարկվեն։








