Իտալիայի ոստիկանությունը հոկտեմբերի 17–18-ին Միլանում տեղի ունեցած անկարգությունների գործով շուրջ 150 խուզարկություն է իրականացրել երկրի մի քանի նահանգներում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Գործողությունների առիթ են դարձել նաև ավելի քան 230 մասնակից ունեցող WhatsApp խմբի հաղորդագրությունները, որտեղ քննարկվել են ոստիկանների վրա հարձակվելու, նրանց զենքին տիրանալու, խանութներ թալանելու և պետական շենքեր հրկիզելու հարցեր։
Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Մոնցա է Բրիանցա նահանգի ոստիկանության Digos ստորաբաժանումը հայտնաբերել է հաղորդագրություն, որով կոչ էր արվում նույնականացումից խուսափելու համար դիմակներ չկրել։ Հոկտեմբերի 22-ին քննիչները խուզարկել են այդ հաղորդագրության ենթադրյալ հեղինակ դեռահասի տունը։ Այնտեղ հայտնաբերվել է բալակլավա և Under Armour ապրանքանիշի շապիկ, որն, ըստ քննության վարկածի, գողացվել է Միլանի թալանված խանութներից մեկից։ Մեկ այլ անչափահասի մոտ հայտնաբերվել է նույն ապրանքանիշի ևս մեկ շապիկ, որը, ենթադրաբար, նույնպես հափշտակվել է ջարդերի ժամանակ։
Առաջին դեռահասի հեռախոսի ուսումնասիրությունը թույլ է տվել բացահայտել WhatsApp-ի խումբը, որի մասնակիցները քննարկել են դանակների, ծխային նռնակների և պայթուցիկների կիրառման, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, նրանց զենքը խլելու և ոստիկանական մեքենաները վնասելու հարցեր։ Նամակագրության մեջ եղել են ոստիկանի ծեծելու և նրա զենքը վերցնելու, ինչպես նաև պետական շենք հրկիզելու կոչեր։
Բացի այդ, մասնակիցները քննարկել են ավտոմեքենաների գողություններ և առևտրային օբյեկտների կողոպուտներ։ Հաղորդագրություններում հիշատակվել են Gucci խանութի թալանը և հարձակումը McDonald's ռեստորանի վրա։ Քննիչները հայտնաբերել են նաև հոկտեմբերի 24-ին նախատեսված նոր ցույցերի վերաբերյալ քննարկումներ, որոնք, նրանց գնահատմամբ, կարող էին վերաճել բռնության։
Այս տվյալներն օգնել են համազգային կանխարգելիչ գործողություն նախաձեռնել։ Հոկտեմբերի 24-ին ոստիկանությունն Իտալիայի մի քանի նահանգներում իրականացրել է շուրջ 150 անձնական և տարածքների խուզարկություն։ Մոնցա է Բրիանցա նահանգի 16 համայնքներում ստուգումներն առնչվել են 32 անձի։
Ոստիկաններն առգրավել են ծալովի և ավտոմատ դանակներ, կաստետներ, հեռադիտակային մահակ, առանց կարմիր պաշտպանիչ փականների երկու ազդանշանային ատրճանակ, ապակի կոտրելու գործիքներ, բալակլավաներ և որպես զենք ծառայող այլ առարկաներ։ Հայտնաբերված իրերի թվում եղել է կացին՝ վրան փորագրված «1312» թվով, որը ոստիկանության դեմ ուղղված վիրավորական ACAB հապավման թվային նշանակումն է։
Միևնույն ժամանակ, անկարգությունների գործով հոկտեմբերի 24-ին ձերբակալված 30-ամյա հետազոտող Յուսեֆ Սիհերը Միլանի «Սան Վիտորե» բանտում կայացած լսումների ժամանակ հրաժարվել է պատասխանել դատավոր Տիցիանա Լանդոնիի հարցերին։ Նրան մեղսագրվում է հանցագործությունների կատարման հրահրում՝ ահաբեկչական նպատակ հետապնդելու ծանրացնող հանգամանքով, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ժամանակ բռնության կազմակերպում։
Դատախազության վարկածով՝ Սիհերը կառավարում է Միլանի կենտրոնում տեղի ունեցած բախումներից հետո ստեղծված «Հոկտեմբերի 17» շարժման սոցիալական ցանցերի ալիքները։ Դատախազները պահանջում են նրան կալանքի տակ պահել՝ վկայակոչելով փախուստի և կրկնակի իրավախախտումների ռիսկը։ Դատավորը ձերբակալության օրինականության և խափանման միջոցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի մինչև հոկտեմբերի 28-ը։
Սիհերի փաստաբանները հերքում են, թե իրենց պաշտպանյալը բռնություն կամ ահաբեկչություն է հրահրել, և պահանջում են ազատ արձակել նրան։ Քննությունը շարունակում է պարզել անկարգությունների հանգամանքներն ու հակաիրավական գործողությունների հնարավոր մասնակիցներին։








