Անհրաժեշտ է քննարկել սոցիալական ցանցերում անանուն հաշիվների օրենսդրական արգելքի հնարավորությունը։ Այս մասին օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում, Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախաձեռնությունը հնչել է ի պատասխան ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցի։
Փաշինյանն, իր հերթին, առաջարկել է ընդդիմադիր խմբակցություններին իշխանությունների հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել սոցիալական ցանցերի օգտատերերի պարտադիր նույնականացման մեխանիզմը։
«Առաջարկում եմ երկու ընդդիմադիր խմբակցություններին քննարկել աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությունը։ Եթե դա հնարավոր լինի, եկեք ընդունենք օրենք, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան սոցիալական ցանցում հաշիվ ունենալ միայն համապատասխան նույնականացման գործընթացն անցնելուց հետո», - ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ քաղաքական կոնսենսուսի հասնելու դեպքում Հայաստանը կարող է սկսել սոցիալական հարթակներից պահանջել փակել այն օգտատերերի հաշիվները, որոնք անձնագրով նույնականացում չեն անցել։
«Ձևավորենք կոնսենսուս և հայտարարենք սոցցանցերին.
«Ֆեյքերը մեր երկրում արգելված են։ Ուստի սկսեք փակել բոլոր նրանց հաշիվները, ովքեր անձնագրով չեն նույնականացվել։ Եթե համաձայն եք, մենք կընդունենք նման օրինագիծ։ Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով է շահագրգռված ֆեյքերի մեջ, իսկ ով՝ ոչ», - նշել է Կառավարության ղեկավարը։








