ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի առաջիկա մեկ տարվա քաղաքական զարգացումների երեք հնարավոր սցենար է առանձնացրել՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտ։
Աշոտյանի խոսքով՝ կառավարության նիստից հետո Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում նրան չհաջողվի խորհրդարանում ապահովել նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ աջակցությունը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների։
Միաժամանակ, ըստ Աշոտյանի, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ փողոցային պայքարը կսկսեն մեկ անգամ՝ պատեհ պահին։
Նա նշել է, որ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից մեկ տարի անց։ Նույն ժամանակահատվածը, ըստ նրա, կարևոր է նաև Փաշինյանի համար՝ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության տեսանկյունից։
Աշոտյանը ներկայացրել է զարգացումների երեք հնարավոր տարբերակ։
Առաջին սցենարը նոր Սահմանադրության ընդունման գործընթացն է։ Նրա գնահատմամբ՝ դա հնարավոր կլինի, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից ստանալ անհրաժեշտ վեց լրացուցիչ ձայն և նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։
Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։ Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը կարող է դիմել այդ քայլին, եթե չկարողանա ապահովել անհրաժեշտ ձայները Սահմանադրության ընդունման համար, իսկ ընդդիմության վարկանիշը նվազի այնքան, որ ընտրությունները նրան ավելի մեծ աջակցություն ստանալու հնարավորություն տան։
Երրորդ սցենարը իմպիչմենտն է։ Ըստ Աշոտյանի՝ այս տարբերակը հնարավոր կլինի, եթե փողոցային պայքարի պայմաններում խորհրդարանում հաջողվի անհրաժեշտ մեծամասնություն ձևավորել՝ ՔՊ-ական պատգամավորների ձայների հաշվին։
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է երեք առաջնահերթություն՝ թույլ չտալ ընդդիմադիր պատգամավորների անցումը իշխանական ճամբար, պահպանել կամ բարձրացնել ընդդիմության հանրային աջակցությունը և տարբեր նախաձեռնություններով ակտիվ պահել փողոցային պայքարը։
Աշոտյանը հույս է հայտնել, որ ընդդիմության գործողությունները կկանխեն նոր Սահմանադրության՝ իր գնահատմամբ անընդունելի տարբերակի առաջխաղացումը և արտահերթ ընտրությունների միջոցով գործող իշխանության ամրապնդումը, իսկ առավել լավատեսական սցենարի դեպքում կհանգեցնեն իշխանափոխության՝ իմպիչմենտի միջոցով։
Այս մասին Արմեն Աշոտյանը գրել է հոկտեմբերի 22-ին՝ «Ձորաղբյուր» քրեակատարողական հիմնարկից։








