ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ եթե Իրանը վճար գանձի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել աշխարհի այլ մասերում։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ Պետքարտուղարի խոսքով՝ Իրանը «պահանջում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իրավունք, որը նա չունի որևէ իրավական մեխանիզմի շրջանակներում»։
Ռուբիոն կարծում է, որ սա «կարող է ստեղծել նախադեպ, երբ մեկ պետություն որոշում է վերահսկողություն հաստատել միջազգային նավագնացության ուղու նկատմամբ, գանձում է վճարներ անցման համար և կրակ է բացում այն նավերի վրա, որոնք հրաժարվում են վճարել»։ «Եթե մենք ստեղծենք նման վտանգավոր նախադեպ, այն կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում, այդ թվում՝ այս տարածաշրջանում», - պնդել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա կարծիքով՝ «խաղադրույքի տակ են նավարկության ազատության հիմնարար սկզբունքները, և եթե սպառնալիք առաջանա, համաշխարհային տնտեսությունը և վերջին 150 տարիների ընթացքում միջազգային առևտուրը կարգավորող կանոնները կարող են ենթարկվել նմանատիպ ռիսկերի»։








