Վաշինգտոնի վարչակազմը Թեհրանից պահանջում է հայտարարել, որ Հորմուզի նեղուցը բաց է նավարկության համար, և այնտեղով անցնող նավերը չեն ենթարկվի իրանական կողմից հարձակման։
Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Մենք պահանջում ենք, որ իրանական կողմը հրապարակային հայտարարությամբ ընդունի, որ Հորմուզի նեղուցի բոլոր անցուղիները բաց են, և որ նրանք այլևս չեն կրակում նավերի վրա: Կամ նրանք նման հայտարարություն կանեն, կամ դա նրանց համար անբարենպաստ ավարտ կունենա»,- լրագրողներին ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ինչպես նշված է նյութում, ԱՄՆ-ը նաև պահանջում է, որ Իրանը հրապարակայնորեն հայտարարի, որ մտադիր չէ վճարներ գանձել նեղուցով նավերի անցման համար։ Ըստ իսրայելական հեռուստատեսության Axios-ի և Channel 12-ի թղթակից Բարաք Ռավիդից ստացված տեղեկատվության՝ ԱՄՆ-ը փորձում է ստիպել Իրանին այս մասին հայտարարել հուլիսի 11-ին։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները վերջին օրերին արդյունավետ են եղել, ասել են ամերիկացի պաշտոնյաները:








