Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբ
Չինաստանի առևտրի նախարարությունը ևս 20 ճապոնական ընկերություն ներառել է արտահանման վերահսկման ցանկում։ Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։ Նոր սահմանափակումներով այդ ընկերությունների հետ կապված արտահանման գործառնությունները փաստացի արգելվում են։
Որոշման համաձայն՝ Չինաստանում գործող արտահանողները այլևս իրավունք չունեն վաճառել երկակի նշանակության ապրանքներ այդ կազմակերպություններին, իսկ ցանկացած համագործակցություն պետք է անմիջապես դադարեցվի։ Միաժամանակ ևս 20 ընկերություն ընդգրկվել է վերահսկման ցուցակում՝ դրանց նկատմամբ կիրառելով խիստ մոնիթորինգ։
Պեկինը հայտարարել է, որ քայլերը «իրավաչափ և հիմնավորված» են՝ նպատակ ունենալով կանխել, ինչպես նշվում է, Ճապոնիայի «նոր միլիտարիստական միտումները»։ Տոկիոյում այս որոշումը գնահատել են որպես անընդունելի և խոստացել են ուսումնասիրել իրավիճակը՝ հնարավոր պատասխան քայլերի համար։








