Հնագետները Ֆրանսիայի հյուսիս-արևելքում հայտնաբերել են V դարի հազվագյուտ մի գերեզմանոց, որտեղ թաղված են եղել գերմանական ցեղերի երկու զորահրամանատար և երկու մարտական նժույգ։ Գտածոն կարող է նոր լույս սփռել Արևմտյան Հռոմեական կայսրության փլուզման շրջանում եվրոպական համայնքների կյանքի վրա, հայտնել են Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտից (Inrap)։
Գերեզմանոցը հայտնաբերել են Կոլմար քաղաքի մերձակայքում՝ Հռենոսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գետն այսօր ծառայում է որպես սահման Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Նախկինում այս վայրում գտնվել է գալլա-հռոմեական բնակավայր, որը գոյություն է ունեցել մ.թ. I–III դարերում։ Հնագետները հայտնաբերել են տների, օջախների, ջրհորների և արհեստանոցների մնացորդներ։
Գերեզմանոցն օգտագործվել է մոտավորապես 450–500 թվականներին։ Դրա տարածքում հայտնաբերել են չափահասների՝ 11, երեխաների՝ երեք և ձիերի՝ երկու աճյուն։
Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունն են գրավել տղամարդկանց երկու գերեզմանները՝ հարուստ թաղման գույքով։ Գտածոների թվում են մասամբ պահպանված փայտե պատյանով սուր, վահան, նետելու համար նախատեսված նիզակ և սկրամասաքս՝ գերմանական կարճ սուր։ Այն զարդարված էր նռնաքարով ընդելուզված ոսկե դետալով։ Տղամարդկանց կողքին թաղել են երկու ձի՝ լծասարքի տարրերի հետ միասին։
Հնագետների գնահատմամբ՝ զենքերը բնորոշ են գերմանական ցեղերի զորահրամանատարների կամ վարձկանների թաղումներին։ Մահացածների ոսկորների վրա հայտնաբերել են նաև հնարավոր մարտական վնասվածքների հետքեր։ Երկու անձի մոտ եղել են ծակած վերքեր՝ առանց ապաքինման նշանների, ինչը կարող է վկայել արագ վրա հասած բռնի մահվան մասին։ Մեկ այլ տղամարդու աջ ծնկի ոսկորներն ամբողջությամբ սերտաճել էին՝ զրկելով նրան ոտքը ծալելու հնարավորությունից։ Այս վիճակը, որը կոչվում է անկիլոզ, կարող է առաջանալ սխալ ապաքինված վնասվածքից հետո։
Կանանց երկու գերեզմաններում հայտնաբերել են թռչնաձև արծաթե ֆիբուլաներ՝ հագուստի ամրակներ, ապակե ուլունքներից վզնոցներ և ոսկրե սանր։ Այդ առարկաները կարող են վկայել թաղվածների սոցիալական բարձր կարգավիճակի մասին։
Հետազոտողները մտադիր են շարունակել աճյունների ուսումնասիրությունը՝ պարզելու համար, թե արդյոք հայտնաբերված վնասվածքները ստացվել են զինված բախումների ընթացքում։
Գերմանական ժողովուրդների V դարի գերեզմանոցներն ու բնակավայրերը քիչ քանակությամբ են պահպանվել։ Ուստի գտածոն կարող է օգնել գիտնականներին ավելի լավ հասկանալ Արևմտյան Հռոմեական կայսրության փլուզումից հետո տեղի ունեցած քաղաքական ցնցումներն ու դրանց ազդեցությունը սահմանամերձ տարածքների բնակչության վրա։
V դարում Հռոմը բազմիցս ենթարկվել է գերմանական ցեղերի, դրանց թվում՝ գոթերի և վանդալների հարձակումներին ու նվաճումներին։








