Երևանում կայացել է հանդիպում ԵՄ դեսպանի և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ:
Այսօր Երևանում Եվրոպայի հայերի միության (ԵՀՄ) նախագահ, օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերով հանձնակատար Արթուր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի և Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման խթանման, հայաստանյան արտադրանքի եվրոպական շուկաներում ներկայացման, ինչպես նաև Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Հայաստան–ԵՄ արտահանման կենտրոն» ծրագրին։ Նշենք, որ կենտրոնն արդեն հիմնադրվել է Բուլղարիայում, իսկ Հայաստանում բացվել է կենտրոնի ներկայացուցչության գրասենյակը։
Նախատեսվում է, որ կենտրոնը 2027 թվականի հունվարից կսկսի իր պաշտոնական գործունեությունը՝ նպաստելով հայկական արտադրանքի առաջմղմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և հայաստանյան ու եվրոպական գործարար շրջանակների միջև համագործակցության զարգացմանը։
Հանդիպումներին մասնակցել է նաև Հունաստանում սփյուռքի գործերով հանձնակատար Միսակ Հովսեփյանը։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի տնտեսական կապերը Եվրոպական միության երկրների հետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայկական բիզնեսի, արտադրողների և արտահանողների համար :








