Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, հյուպատոսական հարցերի և իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ։
«Արաղչին քննադատել է Իրանի միջուկային հիմնախնդրի նկատմամբ եվրոպական երեք երկրների անպատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից կամ երկխոսությունից, որը հիմնված է իրանցի ժողովրդի օրինական իրավունքների և օրինական շահերի հարգման վրա»,-նշել է իրանական լրատվամիջոցը:
Հաղորդվում է, որ զրուցակիցները նաև ընդգծել են, որ Իրանը կտրականապես դեմ է այն բանակցություններին, որոնք համարժեք են միակողմանի պարտադրմանը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, վերահաստատել է Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման հարցում դիվանագիտական միջոցների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ բրիտանական դիրքորոշումը։








