Լեհաստանն առաջիկայում Ուկրաինայի հետ սահմանին հարակից տարածքում թռիչքների համար արգելված գոտի կստեղծի։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, հայտնում է BGNES լրատվական գործակալությունը։
«Կառավարությունն արդեն նախապատրաստում է որոշում, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին»,- ասել է Տոմչիկը։
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկի խոսքով՝ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին։
Նշենք նաև, որ ներկա պահին Լեհաստանի սահմանամերձ շրջաններում արդեն գործում են թռիչքների սահմանափակումներ։ Վարշավան առաջարկում է նմանատիպ միջոցներ կիրառել նաև ՆԱՏՕ-ի ամբողջ արևելյան սահմանի երկայնքով։
Միաժամանակ Լեհաստանի իշխանությունները փորձում են համոզել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական հրթիռները խոցել դեռևս Ուկրաինայի օդային տարածքում, եթե դրանք ուղղվում են դեպի դաշինքի անդամ երկրների տարածք։
Լեհաստանի ներկայացուցիչներն այդ նախաձեռնությունը քննարկել են երկուշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հանդիպման ընթացքում։ Նախաձեռնության իրականացումը կարող է պահանջել Ուկրաինայի համաձայնությունը և դաշինքի բոլոր անդամների միաձայն աջակցությունը։ Առայժմ նման համաձայնություն ձեռք չի բերվել։
Որոշումը պայմանավորված է Լեհաստանի օդային տարածքի խախտման դեպքերով, որոնց համար Վարշավան մեղադրում է Ռուսաստանին։








