Ռուսաստանն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է հետագայում էլ զարգացնել այդ հարաբերությունները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին փաստաթուղթ կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին։
«Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, մենք արժևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք հետագայում էլ դրանք զարգացնել»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է։ «Դա մեր հայ բարեկամների բացարձակ սուվերեն իրավունքն է։
Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։ Նա նաև հիշեցրել է, թե Հայաստանն ինչ դիվիդենտներ է քաղում Ռուսաստանի հետ համագործակցությունից, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։