ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն լուրերը, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը Ռուսաստանից հեռանալու համար հատուկ թույլտվություն է խնդրել։ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ, չի համապատասխանում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե Ասադի կինը ցանկանում է բաժանվել ամուսնուց և մեկնել Ռուսաստանից։
Հաղորդվել է նաև, թե Ասադի համար ևս, իբր, սահմանափակումներ կան Մոսկվայից մեկնելու հետ կապված։ Բացի այդ, ըստ հրապարակումների, Ասադի ակտիվները սառեցվել են։Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։
Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։