ԱՄՆ վարչակազմն ամերիկացիներին խորհուրդ է տվել լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով, այս մասին հաղորդվում է Սիրիայում ԱՄՆ դեսպանատան կայքում։
«Սիրիայում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և անկանխատեսելի՝ կապված ամբողջ երկրում զինված հակամարտության և ահաբեկչության հետ: ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ է տրվում պատրաստվել արտակարգ իրավիճակների և երկար ժամանակով տեղում պատսպարվելու։ ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Դամասկոսում իր գործունեությունը դադարեցրել է դեռ 2012 թվականին, հետևաբար, հյուպատոսական ծառայություններ չի տրամադրում Սիրիայում ԱՄՆ քաղաքացիներին։ Այն ամերիկացիները, որոնց մեկնելու համար օգնություն է հարկավոր, պետք է դիմեն այն երկրի դեսպանատուն, ուր մեկնում են։
Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։
Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։