Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել:
Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։
ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։ Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։
Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։ Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։
Խնջույքին մասնակցել են նաեւ DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի եւ թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որեւէ հիշատակում չի եղել։
Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել։








