Վրաստանի իշխանությունները որոշել են արգելել փոխնակ մայրությունը, և այս մասին օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարան, ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։
«Մենք որոշել ենք արգելել փոխնակ մայրությունը Վրաստանում։ Մենք ակտիվորեն շփվում ենք Վրաց ուղղափառ եկեղեցու հետ այս հարցի շուրջ, և այս մասին օրինագիծը շուտով կներկայացվի», – ասել է Կիրցխալիան խորհրդարանական մեծամասնության նիստից հետո։
Նա նշել է, որ այս որոշման հիմնական պատճառներն են փոխնակ մայրության հետ կապված էթիկական և իրավական ռիսկերը, մասնավորապես՝ մարդկանց հնարավոր թրաֆիքինգը, կանանց շահագործումը և երեխաների պաշտպանության հարցերը։
Կիրցխալիան նշել է, որ իշխանությունները գիտակցում են արգելքի հնարավոր տնտեսական հետևանքները, սակայն կարծում են, որ ֆինանսական օգուտները չեն գերազանցում այս պրակտիկայի հետ կապված ռիսկերը: Նա նաև հայտնել է, որ Վրաստանում փոխնակ մայրության ծառայություններից օգտվողների մոտ 98%-ը օտարերկրյա քաղաքացիներ են, և միայն մոտ 2%-ն են Վրաստանի քաղաքացիներ:








