Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը լիովին օրինական թիրախ է ուկրաինական զինված ուժերի համար։ Նա շեշտել է, որ կամուրջը կառուցվել է Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։ Նրա համոզմամբ՝ Ուկրաինան իրավունք ունի հարվածել այդ կառույցին։
Զելենսկին հիշեցրել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ոչնչացրել է ուկրաինական կամուրջները, երկաթուղիները և այլ ենթակառուցվածքներ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է զգա պատերազմի հետևանքները։ Ուկրաինայի նախագահը նաև պնդել է, որ ռուսական կողմը Ղրիմի կամուրջն օգտագործում է մեծ քանակությամբ սպառազինություն տեղափոխելու համար։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հասկանա՝ կամուրջն իր ներկայիս տեսքով չի պահպանվելու ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ դրանից հետո։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի իր տարածքների ռուսական օկուպացիան՝ անկախ խնդրի լուծման եղանակից։








