Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է հորդառատ անձրևների, հնարավոր ջրհեղեղների և ճանապարհային վտանգավոր պայմանների, հայտնում է NBC News-ը։
Տոնական շաբաթվա սկիզբը համընկնում է նաև տարվա ամենաբարձր մակընթացությունների ժամանակահատվածի հետ, ինչը մեծացնում է առափնյա և ցածրադիր շրջանների ջրածածկման վտանգը։
Կալիֆոռնիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով, ձմեռային մի շարք փոթորիկներ նահանգ կբերեն առատ տեղումներ, իսկ լեռներում՝ ձյուն։ Սպասվում է, որ խաղաղօվկիանոսյան առաջին փոթորիկը Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերին կհասնի երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։ Այն իր հետ կբերի, այսպես կոչված, մթնոլորտային գետ՝ Խաղաղ օվկիանոսի տաք շրջաններից եկող խոնավ օդի հոսք, որը կարող է տևական տեղատարափ անձրևների պատճառ դառնալ։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, Սան Ֆրանցիսկոյի ծոցի որոշ շրջաններում կարող է տեղալ մինչև 7,6 սանտիմետր տեղում։ Առափնյա ջրհեղեղների մասին նախազգուշացումը գործում է երկուշաբթի առավոտից մինչև հինգշաբթի։ Ցածրադիր շրջաններում ջրածածկման խորությունը կարող է հասնել գրեթե 90 սանտիմետրի, իսկ քամու պոռթկումների արագությունը՝ ժամում 72 կիլոմետրի։
Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Դենիել Լուրին հայտարարել է քաղաքի արտակարգ գործողությունների կենտրոնը պատրաստության վիճակի բերելու մասին։ Նա զգուշացրել է, որ հորդառատ անձրևների և բարձր մակընթացությունների համադրությունը կարող է քաղաքի համար աննախադեպ ջրածածկման հանգեցնել, և բնակիչներին հորդորել է երկուշաբթիից չորեքշաբթի հնարավորության դեպքում խուսափել երթևեկելուց։
Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում, այսպես կոչված, արքայական մակընթացությունները՝ տարվա ամենաբարձր մակընթացությունները, որոնք սպասվում են երեքշաբթիից հինգշաբթի։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալներով, ջրի մակարդակը կարող է 1,8–2,4 մետրով գերազանցել տեղատվության միջին մակարդակը․ սա վերջին 18 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Փոթորկի ժամանակ ջուրը կարող է է՛լ ավելի բարձրանալ՝ ջրածածկելով փողոցները, լողափերն ու առափնյա ենթակառուցվածքները։
Իշխանությունները նաև զգուշացնում են նավակների և նավերի սեփականատերերին սպառնացող վտանգի մասին՝ ալեկոծության ուժեղացման և նավամատույցին ամրացնող ճոպանների ծանրաբեռնվածության մեծացման պատճառով։ Բացի այդ, որպես նախազգուշական միջոց՝ կիրակիից ուրբաթ կփակվի Օքլենդը Ալամեդա կղզուն կապող Փոզի թունելը։
Փոթորիկները ձյուն կբերեն Սիեռա Նևադայի լեռներ, ինչը կարող է բարդացնել ավտոմոբիլային երթևեկությունը տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածներից մեկում։ Տրանսպորտային վերլուծություններով զբաղվող INRIX ընկերության տվյալներով, Գոհաբանության օրվան ընդառաջ ԱՄՆ ճանապարհներին ամենաինտենսիվ երթևեկությունը սպասվում է երեքշաբթի և չորեքշաբթի։
Հարավային Կալիֆոռնիայում նահանգի հյուսիսային հատվածի հետ համադրելի առատ տեղումներ առայժմ չեն կանխատեսվում, սակայն առափնյա ջրհեղեղների մասին նախազգուշացումներ են գործում նաև այս տարածաշրջանի որոշ շրջաններում։ Օրեգոնում ևս սպասվում են տևական անձրևներ և առափնյա հատվածների հնարավոր ջրածածկումներ։








