Երբ պրոդյուսերները ցանկացան գնել այն ժամանակ դեռ անհայտ Սիլվեստր Ստալոնեի գրած «Ռոքիի» սցենարը, նա մի պայման դրեց․ Ռոքի Բալբոային պիտի մարմնավորեր հենց ինքը։ Նոյեմբերի 20-ին կինոթատրոններ դուրս եկած «I Play Rocky» ֆիլմը պատմում է, թե ինչպես Ստալոնեն մերժեց վեցանիշ գումարի առաջարկներն ու ստացավ իր կարիերան փոխած դերը։
Երիտասարդ Ստալոնեին խաղացել է Էնթոնի Իպոլիտոն, իսկ ֆիլմը նկարահանել է «Կանաչ գիրք» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ֆարելին։ Իպոլիտոն պատմել է, որ դերի համար մարզվել է մեկուկես տարի։ Առաջին տարում նա գրեթե ամեն օր միայնակ էր գնում մարզասրահ։ Երկու մարզիչները միացել են միայն վերջին ամիսներին։
Նոր ֆիլմը մեծ էկրան է բարձրացել առաջին «Ռոքիի» պրեմիերայից գրեթե ուղիղ 50 տարի անց։ 1976-ի ֆիլմը հետագայում արժանացավ լավագույն ֆիլմի «Օսկարին»։ Իսկ ինչպե՞ս է Ստալոնեն ընդունել իրեն մարմնավորած դերասանին։ Իպոլիտոյի խոսքով՝ Ստալոնեն ու կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, միասին են դիտել ֆիլմը, և երկուսին էլ այն դուր է եկել։








