Եգիպտոսի հնագույն Բուտո քաղաքի տարածքում՝ Նեղոսի տակ, արբանյակային հետազոտությունների միջոցով հայտնաբերվել է շուրջ 2600 տարվա հնության կառույց։ Գիտնականներն այն հայտնաբերել են արբանյակային ռադարների և հողի էլեկտրական դիմադրության չափումների համադրությամբ՝ առանց մեծածավալ պեղումների։
Հետազոտության համաձայն՝ կառույցը գտնվում է 3-6 մետր խորության վրա և պատկանում է Սայիթյան ժամանակաշրջանին։ Լրացուցիչ պեղումների ընթացքում հայտնաբերվել են աղյուսներից կառուցված պատեր և կրոնական նշանակության առարկաներ։ Գիտնականները կարծում են, որ այն կարող է լինել մեծ դամբարան կամ սրբավայր։
Հատկանշական է, որ կառույցի տակ՝ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է մաքուր ավազի հաստ շերտ։ Հետազոտողները ենթադրում են, որ հին եգիպտացիներն այն օգտագործել են որպես շինությունների հիմք՝ դրանց ծանրությունը հավասարաչափ բաշխելու համար։ Գիտնականները չեն բացառում, որ տարածքում՝ կավի հաստ շերտի տակ, կարող է թաքնված լինել ևս մեկ տաճար։ Նրանք նախատեսում են շարունակել հետազոտությունները՝ բացահայտելու ավելի խորքում գտնվող հնագույն կառույցները։








