Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը։
Դիմումների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Մրցանակակիրները իրենց նախաձեռնությունների զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն։
Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք, չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ։
«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- նշել է Զոնաբենդը։
Դիմումների ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք կգնահատեն 45 մասնագետներ։
Մրցանակը կտրվի երեք անվանակարգում՝ «Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն», «Կամուրջ դեպի ապագա․ կրթություն» և «Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»։








