Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ լուծումը կայանալու է միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի վերացումից հետո։
«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը վրացական տարածքների դեօկուպացիան է։ Սա մեր քաղաքական գիծն ու ուղերձն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է վրացական ընդդիմադիր դաշտի ռուսատյաց քաղաքականությանը՝ շեշտելով, որ այն իրականացվում է դիտավորյալ՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրացուցիչ լարելու նպատակով։
«Ռուսատյացությունը և ընդհանուր առմամբ այլատյացությունը վրացական մշակույթի համար բոլորովին խորթ երևույթներ են»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ երկրում ռուսատյացության տարածումը նպատակաուղղված է Վրաստանի տնտեսական համակարգի և Վրաստան պետության «փլուզմանը»:








