Արտասահմանյան երկրները շարունակում են փող ներդնել Վրաստանում, այդ պատճառով էլ երկիրը կանգնած է հեղափոխության ապագա փորձերի առջև։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Իհարկե, այսօր փող է ծախսվում բևեռացումը խորացնելու, հասարակությունը պառակտելու և առճակատում ստեղծելու համար։ Հեղափոխություններ կազմակերպելու փորձեր եղել են, և դեռ կլինեն։ Դրա վկայությունն են վարժանքները, որտեղ բացահայտ քննարկվում են հեղափոխական սցենարներ»,-ասել է Կալաձեն։
Չնայած դրան, քաղաքական գործիչը նշել է, որ կառավարությունը տապալելու բոլոր փորձերը կխափանվեն, ինչպես նախկինում։ Նա հավելել է, որ վրացական իրավապահ մարմինները լավագույն վիճակում են և կպաշտպանեն երկրում խաղաղությունը։








