Պատերազմի ժամանակ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը գլխավորած Միքայել Համբարձումյանը հերքելով իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն այն մասին, թե «44-օրյայի ժամանակ արցախցիների մեծ մասը չի կռվել, ինադու սաբոտաժ է արել, մի մասը տվյալներ է տվել»՝ Euromedia 24-ի հետ զրույցում նշեց՝ եթե ԱԱԾ-ում ստացվեին նման տվյալներ, անմիջապես կարձագանքեին, ընդ որում՝ շատ խիստ ու ավելին, դա կհանրայնացվեր՝ պրոֆիլակտիկ նպատակներով:
Համբարձումյանի խոսքով՝ արցախցիների վերաբերյալ համընդհանուր նման գնահատական տալը անթույլատրելի է, հիմնազրուկ և իհարկե՝ վտանգավոր․ «Ցավոք, վերջին շրջանում նմանօրինակ դեպքերը հաճախակի են դարձել ու հնարավոր է՝ նպատակային: Նույն հաջողությամբ կարող են մեղադրել Հայաստանի ողջ բնակչությանը:
Բոլորիս է հայտնի՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր»,- ընդգծեց ԱԱԾ նախկին պետը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիները չեն կռվել․ «44-օրյայի ժամանակ ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ ա արել, մի մասն ինադու տվյալներ ա տվել։ Սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից»,- ասել է Սուքիասյանը։