Հանրային տրանսպորտի երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատոր, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տրանսպորտային միջոցներում ավելացվելո՞ւ են վալիդատորները:
«Եթե նախկինում MAN ավտոբուսներում կար մեկ վալիդատոր, այժմ տեղադրված է երկուսը: Ի սկզբանե նախատեսված էր, որ մեկ վալիդատոր պետք է լինի այն տրամաբանությամբ, որ առջևի դռնից նստում է ուղևորը, հետևի դռնից իջնում, բայց ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մասնավորապես պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը հանրային տրանսպորտում բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որ այս իրավիճակը չունենանք»,- մանրամասնեց նա։