33-ամյա Քեթրին Բրիդը դարձել է առաջին մարդը, որը լողալով հաղթահարել է Կալիֆոռնիայի ամբողջ՝ 1448 կմ երկարությամբ ափամերձ հատվածը։ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման ձգվող ճանապարհորդությունը տևել է 111 օր։
Մարզուհին ամեն օր լողացել է մինչև հինգ ժամ՝ դիմակայելով ուժեղ ծովային հոսանքներին, փոթորիկներին, շնաձկներին և աղտոտված ջրերին։ Օրական նա միջինում անցել է շուրջ 16,6 կմ, իսկ հանգստի և վատ եղանակի պատճառով 18 օր ջուր չի մտել։
Հյուսիսային Կալիֆոռնիայում ուժեղ հակառակ հոսանքներն այնքան են դժվարացրել առաջընթացը, որ որոշ հատվածներում Բրիդը ստիպված է եղել փոխել ուղղությունը և հետ լողալ՝ ճանապարհը շարունակելու համար։ Շնաձկների հայտնվելու մի քանի դեպքերում նրա թիմը շտապ դուրս է բերել նրան ջրից։ Արշավի ընթացքում մարզուհին օրական ավելի քան 6000 կալորիա է օգտագործել՝ ուժերը պահպանելու համար։ Չնայած վտանգներին՝ նա խուսափել է վնասվածքներից և առողջ ավարտել իր ռեկորդային լողարշավը։
Բրիդի խոսքով՝ արշավի նպատակներից մեկը օվկիանոսի էկոհամակարգի խոցելիության և ծովային միջավայրի պահպանության կարևորության մասին իրազեկվածության բարձրացումն էր։








