Հայաստանի արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ 2015 թվականի 300 միլիոն դոլարից 2023 թվականին աճել է մինչև 3.4 միլիարդ դոլար, այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հովակիմյանը նշեց, որ միայն 2024 թվականի տասը ամիսների ընթացքում Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 11 միլիարդ դոլարը։ «Սա կարող ենք արձանագրել որպես բավականին լավ արդյունք։ Հիմնականում արտահանվող ապրանքներն են գինիները, կոնյակը, գյուղատնտեսական արտադրանքները, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքը»,- ընդգծեց նա։
Հովակիմյանը նշեց, որ տեքստիլ արտադրությունը նույնպես կարևոր դեր ունի, ոլորտը զգալի աճ է գրանցել՝ հատկապես մեծ պահանջարկ ունենալով Ռուսաստանի Դաշնության շուկայում։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տվել մուտք գործել 150 միլիոն սպառող ունեցող շուկա, ինչը նոր հնարավորություններ է ստեղծել տեղական արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների համար։