Թուրքիայի դատախազությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեղադրական եզրակացություն է պատրաստել երգիչ Իլյաս Յալչընթաշի դեմ։ Մեղադրող կողմը պահանջում է երգչին դատապարտել առնվազն 10 տարվա ազատազրկման, հայտնում է Anadolu գործակալությունը։
Մեղադրական եզրակացության համաձայն, հետաքննությունը սկսվել է այն տեղեկությունների ստացումից հետո, ըստ որոնց՝ որոշ հայտնի անձինք թմրամիջոցներ են օգտագործում և փոխանցում միմյանց։ Այդ տեղեկությունները ստացվել են նաև Ստամբուլի ժանդարմերիայի օպերատիվ աշխատանքի ընթացքում։
Յալչընթաշի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են կանեփը մանրացնելու երկու սարք, բարձր ճշգրտության կշեռքներ և բուսական մնացորդներով անոթ։ Քննություննը համարել է, որ երգչի հեռախոսում առկա երկու կոնտակտների հետ ձայնային և տեքստային հաղորդագրությունները կարող էին կապված լինել թմրամիջոցների առևտրի հետ։
Ինքը՝ Յալչընթաշը, հայտարարել է, որ թմրամիջոցներ չի օգտագործում։ Ըստ նրա, անոթի մեջ ուրց է եղել, որը ուղարկել էր մայրը, մանրացնող սարքերը նվիրել էր ընկերը, իսկ կշեռքները նա օգտագործել է սննդակարգը վերահսկելու համար՝ սպորտով զբաղվելու հետ կապված։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է մեղադրական եզրակացության մեջ, երգչի արյան և մազերի անալիզներում հայտնաբերվել են կանեփի ակտիվ նյութ, մետաբոլիտ, ինչպես նաև կոկաին։
Մեղադրական եզրակացությունն ընդունվել է Բաքըրքյոյի շրջանում ծանր քրեական գործերով դատարանի կողմից։ Սակայն դատարանը որոշել է, որ գործը չի վերաբերում իր տարածքային իրավասությանը, քանի որ մեղադրյալի հասցեն գտնվում է դրա սահմաններից դուրս։ Դրանից հետո նյութերն ուղարկվել են Ստամբուլի ծանր քրեական գործերով 19-րդ դատարան։








