Միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքում գտնվող իր բոլոր ռազմական բազաների և շտաբների հանձնումը հանրապետության իշխանություններին, հայտարարել է Իրաքի անվտանգության ուժերի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար, գեներալ Սաադ Մաանը կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրաքի զինված ուժերը պատրաստ են ստանձնել անվտանգության պատասխանատվությունը և «ունակ են կառավարել իրավիճակը» միջազգային կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո։
Մաանը նաև հավելել է, որ կոալիցիոն երկրների հետ հարաբերությունները կլինեն երկկողմանի։
Ավելի վաղ «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանում տեղակայված ամերիկյան ուժերը սկսել են ապամոնտաժել ՀՕՊ համակարգերը՝ միջազգային կոալիցիոն զորքերի Իրաքի տարածքից վերջնական դուրսբերումից առաջ։








