Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են
«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։
Վահամ Բաբայանը հարց ուղղեց Բաբկեն Հարությունյանին՝ եթե Ռուսաստանը հեռացել էր Հայաստանից, ի՞նչ արեց այդ դեպքում Եվրոպան։
«Մեր հասարակության մեջ կա այսպիսի մի մոլորություն, որ մեր խնդիրները պետք է լուծեն ռուսները կամ եվրոպացիները։ Ըստ այս իշխանության խոսույթի՝ բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր իշխանության օրոք ավելի շատ զենք է գնվել, քան նախորդների ժամանակ։ Ինքը ավելի ճիշտ արտաքին քաղաքականություն է վարել, քան նախկինները։ Ինքը շատ ավելի ինքնիշխան է, քան նախկինները։ Եվ վերջապես, ինքը կարող էր այնպիսի մի հայտարարություն անել, որը Ադրբեջանում հեղափոխություն կբերեր։
«Եթե քո ժամանակ ամեն ինչ այդքան լավ, էր, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ այսքան վատ եղավ։ Ինչո՞ւ մենք կորցրեցինք Արցախը»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե Արցախը ՀՀ ինքնիշխանության տակ դրված ռումբ էր, և Նիկոլ Փաշինյանը այդ ռումբը հանեց, նա այդ ռումբը տեղափոխեց ՀՀ տարածք՝ Սյունիք։ Փաշինյանը հայտարարում է՝ մենք Սյունիքում տալիս ենք ոչ թե միջանցք, այլև ճանապարհ։ Նա Արցախյան կոնտեքստում մի փաստաթուղթ է ստորագրում, որով պահանջում են միջանցք տալ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան այնպես է այս իրավիճակը ներկայացնում հանրությանը, որ մեզ փրկել են, հրաշք է տեղի ունեցել, և միջանցք չեն տվել, տվել են ճանապարհ։ Եթե այդպես է, կարող էին սահմանները բացել, և Ադրբեջանից, ինչպես նաև Թուրքիայից անցնեին այդ ճանապարհով՝ հարկեր վճարելով։ Ի վերջո, Թուրքիան ու Ադրբեջանն են շրջափակում իրականացրել Հայաստանի համար, և ոչ թե Ադրբեջանը։
Բաբկեն Հարությունյանը հավելեց՝ այս իշխանության ժամանակ բոլորը դարձան մեղավոր։ Եվ եթե մենք խոսում են արցախցիների խնդրի մասին, ինչի՞ են սպասում նրանք, երբ չեն գնում ու փոխում անձնագրերը, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին։
«Քանի դեռ դուք չեք մասնակցում ընտրություններին, սիրելի արցախցիներ, Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ ինչքան ուզում են, թող խոսեն։ Որովհետև դուք գործիք չունեք ազդելու Հայաստանում կայացվող որոշումների վրա»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ունի իր շահերը, Ռուսաստանը՝ իր, ԱՄՆ-ն՝ իր։ Նրանք առաջնորդվում են իրենց շահերով։ Եվ դրա համար էլ նրանք ուժեղ են։
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է մանևրելու տիրույթում։ Եվրոպան ժողովրդավարության օջախ է, բայց այն նույնպես շարժվում է երկակի ստանդարտներով։ Եվ եթե, ենթադրենք, քաղբանտարկյալների խնդրին քո ժողովուրդը չի արձագանքում, ոչ ռուսը, ոչ Եվրոպան չի արձագանքելու»,ասաց Բաբկեն Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում








