Այժմ ստեղծվում է «ավելի ուժեղ ՆԱՏՕ», քան այն, որը գոյություն ուներ Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Այս մասին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, հաղորդում է տեղական Helsingin Sanomet թերթը։
«Մենք ստեղծում ենք նոր ՆԱՏՕ, որտեղ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում», - ընդգծել է Ստուբը։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ «եվրոպական անվտանգության անկյունաքարը»։
Դավոսի ֆորումում Ստուբը հայտարարել է, որ Եվրոպան կարող է «անվերապահորեն» պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Ֆինլանդիայի նախագահը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով անցկացնել՝ Արկտիկական տարածաշրջանում իրավիճակը քննարկելու և Գրենլանդիայի հարցը «լիցքաթափելու» համար։ Նա նշել է, որ Գրենլանդիայի ճգնաժամը կարող է լուծվել «շաբաթվա վերջում»։








