ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը հանդիպում են ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ։
Կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և այդ պոտենցիալի արդյունավետ իրացման կարևորությունը։
Հանդիպման մասնակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից»,– գրել է նա։