ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Իրանի հետ միջուկային խաղաղության գործարք կնքել, որը թույլ կտա Իրանին բարգավաճել։ Նա միևնույն ժամանակ չափազանցված է անվանել այն լուրերը, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են ոչնչացնել Իրանը։
Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։ «Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, բայց այնպիսի երկիր, որը չի կարող միջուկային զենք ունենալ: Հաղորդումներն այն մասին, թե Միացյալ Նահանգները, համագործակցելով Իսրայելի հետ, պատրաստվում է Իրանը կտոր-կտոր անել, մեծապես չափազանցված են», - գրել է ԱՄՆ Նախագահը։
Նա հավելել է, որ հարկավոր է անմիջապես աշխատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ։ «Ես շատ կնախընտրեի վերահսկվող միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ և բարգավաճել: Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա վրա և մերձավորարևելյան մեծ տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և վավերացվի:
Աստված օրհնի Մերձավոր Արևելքը», - եզրափակել է Թրամփը։Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին։