Հորմուզի նեղուցում հինգշաբթի լույս գիշերը պայթյուններ են տեղի ունեցել երկու գերխոշոր նավթատար լցանավերում, որոնք, ընդհանուր առմամբ, տեղափոխում էին ավելի քան 4 միլիոն բարել նավթ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ երկու նավերն էլ բռնկվել են։ ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության համաձայն՝ լցանավերը շարժվել են Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որը Իրանի կողմից համարվում է չարտոնված և վտանգավոր։ «Անցած գիշեր կանոնները խախտած երկու լցանավերը, չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման կենտրոնի բազմակի նախազգուշացումներին, շարունակել են շարժվել չարտոնված հարավային երթուղով։
Շատ հզոր պայթյունից հետո նավերը կանգ են առել», — ասվում է կորպուսի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տվյալներով՝ երկու նավերն էլ շարունակում են այրվել։ Իրանական գերատեսչությունը նաև նախազգուշացրել է, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ ցանկացած նավ, որը Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում կանջատի իր նավիգացիոն համակարգերը և կհամագործակցի ամերիկյան զինված ուժերի հետ՝ չարտոնված հարավային երթուղով անցնելու ընթացքում։
Նավերի պայթյունների պատճառների, անձնակազմերի վիճակի և հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշենք, որ այս տեղեկությունները ներկայացված են իրանական կողմի հայտարարության հիման վրա, և միջադեպի հանգամանքների անկախ հաստատում դեռևս չկա։








