ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՔՊ խմբակցության պատճառով Բաքվում պահվող հայ գերիներին առնչվող հայտարարության նախագիծը չընդունվեց։ Նախագիծը, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն էին առաջարկել՝ Բաքվում նախաձեռնված COP–29–ի շրջանակում, այն է՝ հայտարարություն ընդունել գերիների թեմայով, որով պահանջ ու ուղերձ կհղվեր միջազգային հանրությանը։ Նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, այսինքն` միայն ընդդիմադիրները, փաշինյանական թիմը չմասնակցեցին քվեարկությանը:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի համար սպասելի էր, որ ՔՊ-ն չի մասնակցի գերիներին վերաբերող որևէ նախաձեռնության քվեարկությանը, քանի որ այս թիմին ձեռնտու չէ, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա թշնամու բերդերից։ Մայր Հայաստան վերադառնալու պարագայում շատ իրողություններ կբացահայտվեն։
«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի մասին մի շարք կարևորագույն հանգամանքներ կբացահայտվեն: Հայտնի կդառնա, թե ինչո՞ւ և ինչպե՞ս վերջին պատերազմի ժամանակ Արցախն ընդամենը 1 ու կես օր դիմադրեց։ Կբացահայտվի նաև այն, թե որքա՞ն զենք-զինամթերք է թողնվել Արցախում։ Նրանց վերադարձի դեպքում կբացահայտվի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ինչու՞ ՀՀ իշխանությունները չսատարեցին Արցախի ինքնապաշտպանությանը» ,-
Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը՝ միաժամանակ վստահ լինելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց չի թողնի ռազմագերիներին։ Սակայն այստեղ փորձագետը մեկ այլ ճանապարհ էլ է տեսնում՝ Ալիևը գերիների փոխանակում կձեռնարկի միայն մեկ դեպքում՝ երբ համարժեք «քաշային կարգով» ադրբեջանցի գերիներ կլինեն ՀՀ-ում, և միայն ադրբեջանցի գերիների հետ փոխանակման դեպում Արցախի ռազմաքաղաքական էլիտան հայրենիք կվերադարձվի:
«Քանի դեռ Փաշինյանը մանևրելով կատարում է թշնամու վաղեմի երազանքն ու պահանջները, Ալիևն այդ քայլին չի դիմի» ,- շեշտեց Նահապետյանը:
Փորձագետին հիշեցրինք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, թե գերիներն իրենց կներեն, եթե մեկ կամ երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ Ի պատասխան Նահապետյանն ասաց՝ դրանք նախընտրական մանիպուլացիաներ էին։
«Փաշինյանն իր տեսակով քանդող է, գիտակցական կյանքում նա ոչինչ չի կառուցում։ Քանդողը, որպես կանոն, հստակորեն տարբերվում է ստեղծողից, վերջինիս էլ երբ պրոբլեմներ է լինում, լուծման տարբերակներ է գտնում՝ չմեղադրելով ոչ ոքի, իսկ քանդողի հոգեբանությունն այլ է։ Քանդողի համար բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։ Փաշինյանն իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում երբևիցե մի անգամ ասե՞լ է, որ ինքը և՛ մեղավորն է, և՛ պատասխանատուն ու պատրաստ է պատասխանատվություն կրել օրենքի առաջ»։
Ռազմական փորձագետը մեկ այլ հարց բարձրացրեց՝ ինչու՞ 2018 թվականին արտաքին ուժերը հենց Փաշինյանին ու իր թիմին բերեցին իշխանության։ Նահապետյանը խոսքում ճշտում մտցրեց՝ Փաշինյանն իշխանություն չի վերցրել․ նրան հանձնել են այդ իշխանությունը։
«Հայաստանի իշխանությունը Փաշինյանին են հանձնել այն ուժերը, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ստիպեցին դիմել այդ քայլին։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ ինքն այլևս այլընտրանք չունի։ Նրա բացթողումը մեկն էր․ ՀՀ-ում արևմտամետ գործակալներին թույլ տվեց որոշակի կարգավիճակ ունենալ, բայց ժամանակը ցույց տվեց, որ հենց իրենք դարձան այն գործիքները, որոնց էլ նախագահ Սարգսյանն իշխանությունը հանձնեց։ Այստեղ գլուխը Նիկոլ Փաշինյանն էր, որն այդ գործին էր 97-98 թվականներից» ,- ընդգծեց Նահապետյանը։
«Աշխարհաքաղաքական այս ահռելի պրոեկտում Փաշինյանն ընդամենը փոքրիկ գործիք է։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունները, մարտավարական առումով, հավանական եմ համարում, որ մեր երկրում իշխանափոխություն տեղի կունենա, բայց վերարտադրության ձևով․ այսինքն՝ Փաշինյանը կփոխարինվի մեկ այլ արևմտամետ ուժով» ,- եզրափակեց նա։
Սիլվի Մուրադյան