2027թ-ի գարնանը Մոնակոյում նախատեսվում է անցկացնել փակ ներդրումային հանդիպում, որի նպատակն է միավորել Հայաստանի խոշոր նախագծերն ու միջազգային ներդրումային կապիտալը՝ միաժամանակ բացահայտելով նաև Մոնակոյում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայաստանյան գործարարների համար։
Հայաստանի և Մոնակոյի միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնության շրջանակում նախատեսվում է անցկացնել Armenia–Monaco Private Investment Roundtable՝ մասնավոր ներդրումային կլոր սեղան, որը կկրի փակ հանդիպման բնույթ և նպատակ ունի նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների գործարար համագործակցությունը:
Հանդիպման առաջին սեսիան նվիրված կլինի Հայաստանում ներդրումների ներգրավմանը: Նախաձեռնության նպատակն է միջազգային ներդրողների ուշադրությանը ներկայացնել 10 միլիոնից մինչև 200 միլիոն եվրո և ավելի արժեք ունեցող ներդրումային նախագծեր՝ կենտրոնանալով տնտեսության յոթ հիմնական ոլորտների վրա՝ գյուղատնտեսություն, ՏՏ, քաղաքաշինություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, էներգետիկա և առողջապահություն:
Միջոցառման երկրորդ սեսիան կանդրադառնա Մոնակոյում ներդրումներ կատարելու և միջազգային գործարար կապիտալի հետ աշխատելու հնարավորություններին։ Հայաստանյան գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու Մոնակոյի գործարար և ներդրումային միջավայրին, անշարժ գույքի շուկային և Մոնակոյի կացություն ձեռք բերելու դեպքում հարկային հատուկ արտոնություններ ստանալուն:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանի խոսքով նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծելու փոխադարձ համագործակցության մոդել, որի շրջանակում ոչ միայն միջազգային կապիտալը կդիտարկի Հայաստանը որպես ներդրումային ուղղություն, այլև հայաստանյան գործարարները նոր հնարավորություններ կբացահայտեն Մոնակոյի և միջազգային շուկաների հետ համագործակցության համար։ Հայկական կողմից նախատեսվում է ներգրավել խոշոր ընկերությունների և ներդրումային նախագծերի սեփականատերերի։
Մոնակոյի կողմից նախաձեռնության թիրախային լսարանն են միջազգային բրենդների սեփականատերերը, ընտանեկան ներդրումային գրասենյակները (family offices), մասնավոր ներդրողները, ակտիվների կառավարման ընկերությունները, անշարժ գույքի ներդրողները, ներդրումային հիմնադրամները և համապատասխան ֆինանսական ու գործարար կառույցների ներկայացուցիչները։ Ներդրումային հանդիպմանը զուգահեռ կկազմակերպվի նաև հայկական լյուքս դասի արտադրանքների ներկայացում և համտես։
Հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական բարձրակարգ արտադրանքին, մասնավորապես՝ գինեգործության, կոնյակագործության, հրուշակեղենի և այլ համապատասխան ոլորտների ընտրված ներկայացուցիչներին ու նրանց արտադրանքին։
Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջ մղվող այս նախագիծը դիտարկվում է որպես Հայաստան–Մոնակո համագործակցության ընդլայնման գործնական քայլ՝ մշակութային և հասարակական կապերից դեպի ավելի խոր տնտեսական ու ներդրումային գործընկերություն։








