Հայաստանը ԱՊՀ անդամ մյուս պետությունների հետ միասին ստորագրել է տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը կանխելուն ուղղված գործնական քայլերին աջակցելու մասին համատեղ հայտարարություն, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Համագործակցության Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։
Փաստաթուղթն ընդունվել է չորեքշաբթի՝ ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել Թուրքմենբաշիի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։ Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Հայտարարության մեջ երկրներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի հեռանկարով և դրա՝ ռազմական դիմակայության ասպարեզի վերածվելու հնարավորությամբ, ինչը, նրանց գնահատմամբ, կարող է թուլացնել գլոբալ կայունությունը։
ԱՊՀ մասնակիցներն անհրաժեշտ են համարում արգելել տիեզերքում ցանկացած տեսակի զենքի տեղակայումը, ինչպես նաև ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը տիեզերական օբյեկտների նկատմամբ կամ դրանց միջոցով։ Փաստաթուղթը ստորագրած պետությունների կարծիքով՝ նման միջոցները կարող են կանխել միջազգային խաղաղության և անվտանգության համար լուրջ սպառնալիքի առաջացումը։
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև տիեզերական համակարգերի և դրանց առնչվող ցամաքային ենթակառուցվածքի օգտագործման անթույլատրելիությունը այնպիսի նպատակներով, որոնք անհամատեղելի են միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև պետությունների միջև վստահության ամրապնդման հետ։
ԱՊՀ երկրները կոչ են արել անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։ Ամենաարդյունավետ քայլը նրանք անվանել են բազմակողմ, իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթղթի կնքման վերաբերյալ միջազգային բանակցությունների անցկացումը, որը կներառի դրա կատարման երաշխիքներ։
Հայտարարության մասնակիցները նշել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ նրա 80-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերին աջակցությունը, ներառյալ տիեզերքում զենք չտեղակայելու, տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը կանխելու հետագա գործնական միջոցների, ինչպես նաև տիեզերական գործունեության մեջ թափանցիկության և վստահության ամրապնդման վերաբերյալ փաստաթղթերը։
Փաստաթղթում նշվում է, որ այդ բանաձևերին աջակցելը վկայում է տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու անհրաժեշտության վերաբերյալ միջազգային կոնսենսուսի առկայության մասին։








