Ադրբեջանի զինծառայողի Նասիմի Մուսաևն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին։
«Մենք էլ, Ադրբեջանն էլ ունենք սահմանային պաշտպանություն. իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Նախ տեղանքը շատ բարդ է, երկու կողմից էլ որոնողական աշխատանքներ են տարվել մի քանի օր. դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է, հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- պատմել է Փաշինյանը»
Հարցին՝ ինչո՞ւ Շաքիի բնակիչները տեղյակ չեն եղել, որ իրենց տարածքում ադրբեջանցի զինծառայող կա, Փաշինյանը պատասխանել է, որ իրենք էլ վստահ չէին, թե նա անցել է Հայաստանի սահմանը. «Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել։ Ոչ ադրբեջանական կողմը, ոչ մենք չգիտեինք՝ նա որտեղ է։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել է, կատարվել են որոնողական աշխատանքներ, որի ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան ծառայությունները, բայց չկար փաստ, որ զինվորն անցել էր Հայաստանի տարածք»։
Փաշինյանի խոսքով՝ այժմ իրենք գիտեն՝ որ հատվածից է ներթափանցել, բայց խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է։
Արդյո՞ք քննարկվել է դիվերսիայի վարկածը, Փաշինյանն ասել է. «Դեռ փաստ չէ, այդ զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է։ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացարգերը տեղի են ունենալու Հայաստանում»։
Հարցին՝ այսինքն՝ նա պատիժը կկրի՞ Հայաստանում, Փաշինյանն ասել է. «Այո, ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, այսինքն՝ քննություն է գնում, հիմա նա կալանքի տակ է»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհուն: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ: Զինծառայողը պատանդ էր վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Նասիմի Մուսաևը կալանավորվել է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:








